30/06/2011 18:35
Նիկոլյա Սարկոզին խուլիգանական հարձակման է ենթարկվել
Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խուլիգանական հարձակման է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել երկրի ղեկավարի` Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բրաքս քաղաք կատարած այցի ընթացքում: Այդ մասին, հղում անելով BFM TV հեռուստաընկերությանը, հաղորդում է lenta.ru կայքը:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը անցել է պատնեշի մոտով, որից այն կողմ կանգնած են եղել նրան դիմավորող տեղի բնակիչները, որոնցից մեկը ձեռքը մեկնել է դեպի Սարկոզին, իբրև թե ցանկանալով բարևել նրան, բայց դրա փոխարեն բռնել է նախագահի բաճկոնի փեշից և կտրուկ քաշել դեպի իրեն:
Այդ արարքի հետևանքով Սարկոզին կորցրել է հավասարակշռությունը, սակայն կարողացել է ոտքերի վրա մնալ, ինչից հետո արարքի մեղավորին քաղաքացիական հագուստով մարդիկ դուրս են հանել ամբոխի միջից և գետնին տապալել:
Նշենք, որ մեղավորի անձի մասին ոչինչ չի հաղորդվում, արարքի դրդապատճառները նույնպես անհայտ են: