02/07/2011 10:57
Կարգավիճակ` Վրաստանում հայկական եկեղեցուն
Անցած ուրբաթ Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություն է մտցրել քաղաքացիական օրենսգրքի մեջ, որի համաձայն հինգ կրոնական համայնքներին շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Մասնավորապես` իրավաբանական անձի կարգավիճակ են ստանում հայկական, հռոմեական կաթոլիկ, հրեական, բողոքական եկեղեցիները, նաև` մահմեդական համայնքը:
Օրինագծին դեմ է հանդես եկել ընդդիմադիր Քրիստենեադեմոկրատական խմբակցությունը:
«Վրացական եկեղեցին նմանատիպ կարգավիճակ չունի... Մենք պետք է հասկանանք` արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն, որպեսզի սա չլինի միակողմանի պարզված ձեռք»,-հայտարարել է խմբակացության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:
Վրաստանի իշխանությունների նեկայացուցիչների հավաստմամբ`դրանով Վրաստանի ուղղափառ եկեղեցու դերը չի թուլանում:
«Իրավական կարգավիճակի շնորհումը հատուկ իրավունքներ չի նախատեսում, և վրացական եկեղեցին պահպանում է բարձրագույն կարգավիճակը»,- ի պատասխան ասել է խորհրդարանի փոխնախագահ Գիգի Ծերեթելին:
Հանրային իրավունքում իրավաբանական անձը կազմակերպություն է, որը պետական վերհսկողությունից անկախ իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային և հանրային այլ գործունեություն: