02/07/2011 11:15
Օբաման ընտրել է հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ առաջարկել է Մեթյու Օլսենի թեկնածությունը` Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Երբ Սենատը հաստատի Օլսենի թեկնածությունը, նա կփոխարինի ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Մայքլ Լեյտերին, ով դեռևս հունիսին հայտարարել էր իր պաշտոնից հրաժարվելու մասին:
Մեթյու Օլսենը ներկայում ԱՄՆ ազգային անվտանգության կենտրոնի գլխավոր խորհրդականն է, իսկ նախկինում աշխատել է արդարադատության նախարարությունում:
«Մեթը կդառնա ազգային անվտանգության հարցերով իմ թիմի հիմնական անդամը, ում հետ մենք կաշխատենք` մեր երկրի վրա հարձակումները կանխելով և ամերիկացի ժողովրդի պաշտպանության համար կանենք ամեն հնարավորը մեր ուժերի սահմաններում»,- հայտարարել է Օբաման` ներկայացնելով Օլսենի թեկնածությունը:
Օլսենի թեկնածությունը մասին լուրը հայտարարվել էր Օբամայի ադմինիստրացիայի կողմից ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարությունը ներկայացնելուց երկու օր անց:
Նոր ռազմավարության շրջանակներում ԱՄՆ մտադիր է ուժեղացնել պայքարը երկրի ներսում ահաբեկչության դեմ` չհրաժարվելով այդ թվում «Ալ- Քաիդային» «ամբողջությամբ ոչնչացնելու» նախագծից:
2011թ. հունիսի վերջին ներկայացված ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը գալիս է փոխարինելու «ահաբեկչության դեմ պայքարին», որը հայտարարվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի օրոք` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Ազգային հակաահաբեկչական կենտրոնը ստեղծվել է 21004թ.-ին Ջորջ Բուշի կողմից` երկիրը ահաբեկչությունից պաշտպանելու նպատակով: