04/07/2011 12:08
«Բանակցային ձևաչափի փոփոխության սպասելն անիմաստ է»
Կազանում որևէ արտառոց իրադարձություն տեղի չունեցավ, քանի որ չպետք է տեղի ունենար: Ասուլիսի ժամանակ եռանախագահների կազանյան հանդիպումն այսպես ամփոփեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ավելացրեց, որ դեռևս հիմք չկա ԼՂ հարցում առաջիկայում որևէ փոփոխություն սպասելու համար:
«Բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության սպասելն անիմաստ է: ԵԱՀԿ Մինսկի խումբը նորմալ իրականացնում է իր պարտավորությունները»,- ասաց նա` հավելելով, որ ԵՄ-ն փորձում է մտնել մի դաշտ, որտեղ կկարողանա ավելի ակտիվ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Եվրամիությունը, ըստ Ա. Իսկանդարյանի, իր ձևաչափով չի կարող փոխարինել Մինսկի խմբին. «Սրանք հերթական խոսակցություններն են մամուլում, որոնք արտահայտում են, հիմնականում, Ադրբեջանի դժգոհությունը Մինսկի խմբի աշխատանքից»:
Քաղաքագետը չի կարծում, որ Կազանից հետո Մինսկի խումբը հասկացավ, թե առանց ԼՂ-ի հարցը չի լուծվի, նրանք, ըստ Իսկանդարյանի, ավելի վաղ էին դա հասկացել. «Դա փաստ է, որ ԼՂ-ը պետք է դառնա բանակցային կողմ: Երևանը մշտապես ներկայացրել է ԼՂ-ի դիրքորոշումը և որևէ բան Կազանից հետո չի փոխվել»:
Խոսելով ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում Ռուսաստանի դերակատարության մասին` քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը «քարտ բլանշ» ունի` շարունակելու միջնորդությունը ԼՂ հարցի կարգավորման առումով, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ նրա, բոլոր երեք կողմերի դիրքորոշումն է. «Ռուսաստանը միայնակ որևէ որոշում չի կայացնում»:
Բանակցային գործընթացը, Ա. Իսկանդարյանի խոսքերով, շարունակվելու է նույն տեմպով, ինչպես ընթանում է 2007-ից: