05/07/2011 14:37
Կաhիրեում սկսվել են նոր բողոքի ցույցեր
Եգիպտոսում տեղի են ունեցել նոր բախումներ այն բանից հետո, երբ Կահիրեի դատարանը գրավի դիմաց բաց է թողել 7 ոստիկանների, որոնք մեղադրվում էին ցուցարարներին սպանելու մեջ: Այդ մասին հղում անելով «ԲիԲիՍի»-ին (BBC) հաղորդում է «Գազետա.ռու» (gazeta.ru) կայքը:
Դատարանի դահլիճում անվտանգության աշխատակիցների հետ ծեծի բռնվելուց հետո, հարյուրավոր մարդիկ փակել են Սուեց տանող ճանապարհը:
Նշենք, որ հետաքննության տվյալներով, ոստիկանները, ցույցերի ճնշման ժամանակ, Սուեցում սպանել էին 17 հոգու, իսկ այդ ցույցերը բերեցին Հոսնի Մուբարաքի հրաժարականին:
Դատավորը հրամայել է ազատ արձակել ոստիկաններին և գործի լսումները տեղափոխել սեպտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Կահիրեի Տախրիր հրապարակում տեղի էին ունեցել զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ընթացքում տուժել են հազարավոր մարդիկ, իսկ նախկին նախագահ Հ. Մուբարաքի նկատմամբ դատավարությունը պետք է սկսվի օգոստոսի 3-ին, նա մեղադրվում է կաշառակերության մեջ, բացի այդ նա կարող է մեղավոր ճանաչվել ցուցարարների սպանությունների համար, եթե ապացուցվի, որ նա հրամաններ է տվել ցրել բողոքի ցույցերը Տախրիր հրապարակում: