05/07/2011 15:57
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են ընդունել
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը համատեղ հայտարարություն են տարածել:
Համանախագահները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հուլիսի 4-ին առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լ. Զաննիերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:
Համանախագահները ներկայացրել են հունիսի 24-ին կայացած Կազանի հանդիպումը, և քննարկել են Հիմնարար սկզբունքների` որպես համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակի վերջնականացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը:
Հայտարարության մեջ ասվում է. «Չնայած Կազանում կողմերը չեկան վերջնական համաձայնության Հիմնարար սկզբունքների շուրջ, սակայն այնտեղ առաջընթաց գրանցվեց: Կազանի հանդիպման արդյունքը, ներառյալ կողմերի վստահեցումը, որ նրանք կշարունակեն բանակցել խնդրի կարգավորման համար, խթան կհանդիսանա կողմերի համար, որպեսզի հասնեն համաձայնության Հիմնարար սկզբունքների շուրջ հնարավորինս արագ: Կողմերի միջև առկա տարաձայնություննրը չպետք է խանգարեն կողմերին ընդունել Հիմնարար սկզբունքները և առաջ շարժվել խաղաղ գործընթացի` պայմանագրի մշակման փուլ: Ինչպես նախագահներ Դ.Մեդվեդեվը, Ն.Սարկոզին և Բ.Օբաման նշել են մայիսի 26-ին Դովիլի համատեղ հայտարարության մեջ, հետագա ուշացումը հարցականի տակ է դնում համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը:
Համանախագահները ծրագրում են խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում և այցելել տարածաշրջան մոտ ապագայում:Այս մասին նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: