05/07/2011 10:37
Քադաֆին պատրաստ է հրաժարական տալ, անվտանգության երաշխիքների դիմաց
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին համաձայնվել է հրաժարական տալ անվտանգության երաշխիքների դիմաց, և ՆԱՏՕ-ն պատրաստ է նրան ընդառաջել: Այդ մասին հղում անելով «Կոմմերսանտ» թերթին հաղորդում է rbc.ru կայքը:
ՌԴ-ի բարձրաստիճան ղեկավարության աղբյուրի խոսքերով, այդ հարցում ամենափոխզիջումային դիրքորոշում ունի Ֆրանսիան, որը ոչ միայն պատրաստ է վերականգնել Քադաֆիի և նրա ընտանիքի մինչ այդ սառեցված հաշիվների մի մասը, այլ նաև խոստանում է աջակցել, որ եթե գնդապետ Քադաֆին խաղաղ ճանապարհով լքի իր պաշտոնը, ապա կկարողանա խուսափել Հաագայի դատարանից, որը մինչ այդ տվել էր նրա ձերբակալման հրամանը: Բացի այդ, քննարկվում է նաև այն հարցը, որպեսզի Քադաֆին կարողանա մնալ հայրենիքում:
Սակայն, Քադաֆին ունի ևս մեկ պայման, որի հետ համաձայն չի ընդդիմությունը, դա այն է, որ ընտրություններին, որոնք պետք է կայանան նրա իշխանությունը լքելուց հետո, պետք է մասնակցի նաև իր որդի Սաիֆը:
Բենգազիում կարծում են, որ դրանով Քադաֆին ցանկանում է պահպանել իշխանությունը, և ըստ Միսուրատայում Ազգային անցումային խորհրդի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Աբդսալամ Մաժրոխի, դա կբերի անխուսափելի պայթյունի:
Իրենց հերթին, Տրիպոլիում Քադաֆիի կողմնակիցները համաձայն են ընդունել Քադաֆիի հրաժարականը, սակայն դեմ են, որ իշխությունը փոխանցվի «արևմտամետ շներին» և նրանց կարծիքով, եթե ընդդիմությունը իրոք ցանկանում է հաստատել ժողովրդավարություն, ապա նրանք պետք է թույլատրեն բոլոր քաղաքական ուժերին մասնակցել ընտրություններին: