06/07/2011 11:24
«Հայրենիք և հավատ» թեմատիկ խորագրով համաժողով Արցախում
Հուլիսի 5-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, նախքան խորհրդարանի նիստերի դահլիճում աշխատանքները կսկսեր «Հայրենիք և հավատ» թեմատիկ խորագրով համաժողովը, ընդունել է միջոցառման մի խումբ մասնակիցների՝ Երևանից ժամանած գիտնականների, քաղաքագետների ու փորձագետների։ Համաժողովը նախաձեռնվել ու կազմակերպվել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների համատեղ ջանքերով։
Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Արցախի պետական կառույցները պատրաստակամ են աջակցելու այդ և նման ծրագրերի իրագործմանը՝ կարևորելով դրանց տեսական հիմնավորումները։
Իր հերթին՝ խոսելով տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների մասին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանն այդ համատեքստում, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ պետք է ամենայն կերպ կանխել ու թույլ չտալ միջազգային իրավական նորմերի շահարկումները։
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը և ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը։