06/07/2011 10:18
Վրաստանի խորհրդարանը կարգավիճակ տրամադրեց բոլոր կրոններին
Վրաստանի խորհրդարանն արագացված ընթացակարգով երրորդ ընթերցմամբ հաստատեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսում են կրոնական ուղղություններին իրավաբանական կարգավիճակի տրամադրում` դրա հետ մեկտեղ ամրագրելով այն իրավունքը, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Այդ մասին հաղորդում է «Նյուսջորջիա.ռու»(newsgeorgia.ru) կայքը:
Նշենք, որ որոշումը ընդունվել է խորհրդարանի արտահերթ նիստում և օրինագծին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, իսկ օրինագծի քննարկմանը ի նշան բողոքի չեն մասնակցել ընդդիմադիր «Քրիստոնյադեմոկրատները», որոնք պահանջում էին, որպեսզի հաշվի առնվի Վրաց ուղղափառ եկեղեցու կարծիքը:
Հիշեցնենք, որ Վրաստանի կաթողիկոս Իլիա 2-ը առաջարկում էր դադարեցնել խորհրդարանում այն օրինագծի քննարկումները, որը նախատեսում է երկրում գործող մի քանի կրոնական կազմակերպություններին իրավաբանական կարգավիճակի տրամադրում, իսկ Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածված Իլիա 2-ի հայտարարությունում նշվում է, որ Վրաստանի խորհրդարանում հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է այդ օրինագիծը:
Վրաստանի կաթողիկոսի հայտարարության մեջ նշվում է, որ կաթողիկոսը անհրաժեշտ է համարում դադարեցնել օրենքի քննարկումները երկրորդ և երրորդ ընթերցումներում, քանի որ այդ օրինագծի վերաբերյալ անհրաժեշտ է անցկացնել հասարակական քննարկումներ, գոնե հեռուստաեթերում, որպեսզի ապահովվի միասնական հասարակական կարծիք` Ուղղափար եկեղեցու հետ համաձայնեցմամբ, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը կազմում են ուղղափառ քրիստոնյաներ:
Փաստաթղթի մեջ նաև նշվում է, որ այդ հարցը շատ կարևոր է, և որ այն կանխորոշում է պետության կազմակերպման հիմնական սկզբունքները, բացի այդ, Իլիա 2-ը հայտարարել է, որ Վրաստանի Ուղղափառ եկեղեցին երբեք դեմ հանդես չի եկել և միշտ աջակցել է Վրաստանում գործող այլ կրոններին կարգավիճակ տրամադրելու գաղափարին:
Հիշեցնենք, որ օրինագիծը առաջ է քաշվել խորհրդարանական մեծամասնության կողմից, որտեղ առաջարկվում է Վրաստանում իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել այն կրոնական կազմակերպություններին, որոնք պատմական սերտ կապեր ունեն Վրաստանի հետ`Հռոմեական-Կաթոլիկ եկեղեցուն, Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև բապտիստներին, ավետարանչականներին, մուսուլմաններին և հուդայականներին: