08/07/2011 14:26
2014 թ-ին շահագործման կհանձնվի «Դիլիջան» միջազգային դպրոցը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը տեղեկացրեց, որ 2014 թվականին «Դիլիջան» միջազգային դպրոցը կհանձնվի շահագործման. հուլիսի 1-ին տրվել է դպրոցի շինարարական թույլտվություն և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են:
«Դպրոցը նախատեսված է 550 աշակերտների համար, որտեղ ուսուցումը կկազմակերպվի անգլերեն լեզվով: Հույս ունենք, որ այն կդառնա տարածաշրջանի միակ միջազգային դպրոցը, որտեղ ուսանելու կգան նաև արտասահմանից: Կլինի փոքր քաղաք քաղաքի մեջ», - նշեց Դիլիջանի քաղաքապետը:
Պատասխանելով այն հարցին, թե սոցիալ-տնտեսական բարդ վիճակում գտնվող Հայաստանի համար արդյո՞ք նպատակահարմար էր նման դպրոց ունենալը, Սանթրոսյանը նշեց, որ մեր երկրից շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են արտասահման սովորելու, դրա փոխարեն կուղարկեն Դիլիջան, քանի որ այստեղ ուսուցումը բարձր մակարդակով է կազմակերպվելու:
Ի դեպ, ըստ մամուլի վերջին հրապարակումների, Ավստրալացի Մայքլ Թոմփսոնը, որը հաղթող է ճանաչվել ավելի վաղ հայտարարված միջազգային մեծ մրցույթի արդյունքում, կգլխավորի Դիլիջանի միջազգային դպրոցը:
«Դիլիջան» նախագծի պատասխանատուները հայտարարել էին, թե Թոմփսոնն արդեն աշխատանքի է անցել` իր առջև նպատակ դնելով Դիլիջանի դպրոցը դարձնել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը և լավագույնը Եվրոպայում` կրթության մակարդակով: