08/07/2011 11:07
«Բանանցն» ու «Ուլիսը» դուրս մնացին Եվրոպայի լիգայից
Երևանի «Բանանցը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց Ռուսթավիի «Մետալուրգի» հետ: Արձանագրված 1:1 հաշիվը երկրորդ փուլի ուղեգիր պարգևեց վրացի ֆուտբոլիստներին:
Նշենք, որ հանդիպման 19-րդ րոպեին հաշիվը բացեց Միկաբերիձեն: Իսկ 71-րդ րոպեին Դու Բալան 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց և ինքն էլ հստակ իրացրեց այն:
«Ուլիս»-«Ֆերենցվարոշ» խաղում դրության տերը հյուրերն էին: Հայ ֆուտբոլիստները զիջեցին 0:2 հաշվով և երկու հանդիպումների ընդհանուր 0:5 արդյունքով լքեցին եվրոպական ակումբային մրցաշարը: 34-րդ րոպեին Աբդի Լիմանը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց իր թիմին, իսկ փոխհատուցված ժամանակում Լորանը կրկնապատկեց հաշիվը:
Այսպիսով` «Ուլիսն» ու «Բանանցն» առաջին իսկ փուլից հետո ստիպված են կենտրոնանալ երկրի ներքին առաջնության վրա: Այո, սպորտում ոչ ոք ձերբազատված չէ պարտություններից, բայց ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մեր թիմերի անհաջող ելույթները վերածվել են տխուր օրինաչափության, և թվում է, թե մենք միշտ խոսելու ենք այն մասին, որ այն, ինչ ունենք, այսքանն է… Իսկ հարցը, թե ով և ինչի շնորհիվ պետք է ավելին անի` հայկական ֆուտբոլը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար, դեռ պատասխան չունի: Հուսանք, որ «Միկան» ու «Փյունիկը» կկարողանան գոնե որոշ չափով օգնել մեզ` ազատվելու ընդհանուր վատ տպավորությունից…