11/07/2011 14:15
Ամբողջ աշխարհում նշում են շոկոլադի օրը
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է, որն առաջին անգամ նշվել է 1995 թվականին՝ Ֆրանսիայում։
Տարածված կարծիքի համաձայն, շոկոլադ առաջինը պատրաստել են ացտեկները, ովքեր շոկոլադը «աստվածների սնունդ էին» անվանում։ Իսկ օրինակ առաջին անգամ շոկոլադը Եվրոպա բերող իսպանացի կոնկիստադորներն այն անվանում էին «սև ոսկի»։
Ի դեպ, աշխարհում ամենաշատ շոկոլադը՝ տարեկան 170 հազար տոննա, արտադրվում է Բելգիայում, որտեղ կա շոկոլադի ավելի քան 2000 խանութ և 16 թանգարան: Բելգիայում նույնիսկ շոկոլադի մայրաքաղաք կա` Բրյուգը, որտեղ բացի շոկոլադի թանգարանից կարելի է այցելել նաև շոկոլադի ռեստորան, որտեղ բոլոր ճաշատեսակներում պարտադիր շոկոլադ կա:
Իսկ ահա Նյու Յորքում է գտնվում աշխարհի ամենաբարձր շոկոլադե աշտարակը, որն ունի 6 մ 40 սմ բարձրություն, նրա պատրաստման համար ծախսվել է 1000 կգ շոկոլադ և 30 ժամ:
Այսօր աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ նշում են շոկոլադի համաշխարհային օրը, սակայն նրանցից շատ քչերը հավանաբար գիտեն, որ հաջորդ տարվանից արդեն աշխարհում կարող է շոկոլադի դեֆիցիտ առաջանալ։
Համենայն դեպս նման կանխատեսում է արել Կակաոյի միջազգային կազմակերպությունը (ICCO)։
Կազմակերպության փորձագետները նշում են, որ առաջարկի և պահանջարկի միջև «դրական անջրպետի» կրճատումը կարող է կակաոյի գների աճին հանգեցնել, որոնք որ 2011թ. մարտից 17 տոկոսով նվազել են։
ICCO–ի գործադիր տնօրենը կարծում է, որ մինչև 2011թ. վերջ, ամենայն հավանականությամբ, կակաոն կվաճառվի մեկ տոննայի դիմաց 3000– 3100 դոլարով, իսկ գները կաճեն միայն 2012 թվականից։