12/07/2011 11:38
Եգիպտոսում կրկին գազամուղ են պայթեցրել
Այսօր առավոտյան Սինայ թերակղզում պայթեցվել է Իսրայելին և Հորդանանին բնական գազ մատակարարող գազամուղը:
Միջադեպը տեղի է ունեցել ոչ հեռու Էլ-Արիշ քաղաքից, որը գտնվում է մոտ 50 կմ հեռավորության վրա Եգիպտոսի և Իսրայելի սահմանից:
Ըստ անանուն պաշտոնյայի, հարձակումը կատարել են զինված դիմակավոր մարդիկ, ովքեր գազատարի պահակներին նախապես պարտադրել են լքել շրջակա տարածքը:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա-ն»` պայթյունի արդյունքում վիրավորվել են պահակներից մեկը և նրա ընտանիքի անդամները: Ըստ աղբյուրի, այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռ չի ստացվել:
Գազատարի պայթյունն արդեն չորրորդ նման դեպքն է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո, և արդեն երկրորդը` հուլիս ամսին: Նախորդ պայթյունների կազմակերպման մեջ իշխանությունները կասկածում էին տեղի բեդվինական ցեղերին:
Համաձայն աղբյուրի, Իսրայելի իշխանությունները Եգիպտոսին թույլ են տվել Սինայ թերակղզի բերել և խողովակաշարը պաշտպանել լրացուցիչ զորքերի միջոցով: Հաղորդում է «Լենտա.ռու»-ն (lenta.ru):