12/07/2011 13:18
Սարկոզին հայտարարել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին
Չհայտարարված այցով Աֆղանստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ֆրանսիական զորքերի մեկ քարորդը դուրս է բերվելու Աֆղանստանից մինչև 2012թ.-ի ավարտը: Քաբուլից հյուսիս գտնվող Սարոբի շրջանում գտնվող ռազմաբազայում Սարկոզին հայտարարել է, որ պետք է ավարտել այս պատերազմը:
Հաղորդվում է, որ այցը տևելու է ընդամենը 5 ժամ և նախատեսված է Սարկոզիի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի և Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Պետրեուսի հետ, որը մինչև հունիսի 30-ը Աֆղանստանում միջազգային ուժերի ղեկավարն էր:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ն.Սարկոզին հայտարարել էր ֆրանսիացի 4 հազար զինվորականների աստիճանաբար դուրս բերման մասին, բացի այդ նա նշել էր, որ զորքերի դուրսբերումը կատարվելու է այն նույն ժամանակացույցով, որով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից:
Նշենք, որ Վաշինգտոնը հայտարարել էր, որ 10.000 ամերիկյան զինվորներ և սպաներ դուրս են բերվելու Աֆղանստանից արդեն այս տարի, իսկ ևս 23.000-ը դուրս են բերվելու մինչև 2012թ.-ի սեպտեմբերի վերջը:
Այս տարի Աֆղանստանում զոհվել են ֆրանսիացի 9 զինվորականներ:
Հիշեցնենք, որ սա Նիկոլա Սարկոզիի երրորդ այցելությունն է Աֆղանստան, նրա նախագահական լիազորությունների ստանձնումից ի վեր: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ի (bbc.co.uk) կայքը: