13/07/2011 10:32
Ալեն Ժուպե. «Քադաֆին պատրաստ է հեռանալ»
Ֆրանսիան տեղեկացրել է, որ կապի մեջ է մտել Մուամար Քադաֆիի բանագնացների հետ, ովքեր հաստատել են, որ Լիբիայի առաջնորդը պատրաստ է լքել երկիրը:
«Լիբիական ռեժիմը հող է փնտրում ամենուր`Թուրքիայում, Նյու-Յորքում, Փարիզում`առաջարկելով քննարկել գնդապետ Քադաֆիի հեռացման մանրամասները»,- ֆանսիական ռադիոյի հետ հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Ալեն Ժուպեն:
Սակայն, նրա խոսքով, նման կապերի հաստատումը պաշտոնական բանակցություններ չեն:
Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ համատեղ առաջատար դերակատարություն է ունեցել Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ժամանակ:
«Ֆրանս ինֆո» ռադիոընկերության լրագրողի հետ զրույցում Ժուպեն նշել է.«Մենք հանդիպում ենք գաղտնի պատվիրակների հետ, ովքեր ասում են, որ Քադաֆին պատրաստ է հեռանալ, եկեք քննարկենք մանրամասները»:
Ֆրանսիայի ԱԳ ներկայացուցիչ Բեռներ Վալերոն հայտարարել է, որ Փարիզի դիրքորոշումը միանշանակ է:
«Այդ բանագնացներն ասում են, որ ներկայացնում են գնդապետ Քադաֆիին: Կարևորն այն է, որ մենք բոլորին պատասխանում ենք նույնը և այս հարցում պահպանում ենք կապը մեր համախոհների հետ»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ապստամբները շարունակում են ղեկավարել Լիբիայի արևմուտքի շրջանները և արևելքի առանձին շրջանները, բայց նրանց դեռևս չի հաջողվել հասնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին, ուր Քադաֆիին հավատարիմ ուժերը առաջվա պես ուժեղ են:
Ֆրանսիան և կոալիցիայի այլ անդամներ պահանջում են Լիբիայի առաջնորդի հեռացումը` որպես ռազմական գործողությունների դադարցման պայման: