13/07/2011 10:56
Թբիլիսիում «լրտես» լուսանկարիչների սատարման ակցիա է անցկացվել
Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև երեկ` հունիսի 12-ին, լրտեսության մեջ մեղադրվող լուսանկարիչների սատարման ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Ակցիային մասնակացել են մոտ 100 վրացի լրագրողներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հավաքվածները պահանջել են Վրաստանի իշխանություններից ֆոտոլրագրողների գործից հանել գաղտնիության կնիքը և նրանց մեղքը հաստատող կոնկրետ ապացույցներ ներկայացնել:
Ակցիայի մասնակիցները չեն խոչընդոտել տրանսպորտի շարժը և դուրս չեն եկել երևեկության գոտի: Ինչպես նշում է Ինտերֆաքսի թղթակիցը, ակցիան անցել էր բավականին աղմկալի, մասնավորապես օգտագործվել են սուլիչներ:
Սա լրագրողների համերաշխության առաջին ակցիան չէ կապված ձերբակալված ֆոտոլրագրողների հետ: Հուլիսի 11-ին լրագրողներն ակցիա էին անցկացրել Վրաստանի Ներքին գործերի նախարարության առջև և պահանջել էին նախարարության ղեկավարի հետ հանդիպում:
Հուլիսի 12-ին հայտնի էր դարձել, որ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին համաձայնել էր հանդիպել «Լրագրողնական էթիկայի խարտիա» կազմակերպության ներկայացուցիչների հետ` քննարկելու ֆոտոլրագրողների գործը: Հանդիպումը կկայանա այսօր: Այս մասին տեղեկացնում է Լենտա.ռու-ն: