14/07/2011 11:51
Է. Նալբանդյան. Դովիլյան հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին
Լոնդոն կատարած այցի շրջնակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես է եկել Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում:
Իր ելույթում նախարար Նալբանդյան անդրադարձել է Դովիլյան հայտարարությանը:
«Իմիջիայլոց, դովիլյան հայտարարության մասին: Ինչ՞ի մասին է խոսվում: Առաջին հերթին, ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` Ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովալով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Չեմ կարծում, որ նման պատասխանի համար, կարելի է գլուխ շոյել:
Դովիլյան հայտարարության ևս մեկ կարևոր դրույթ: Այն հասցեագրված է հակամարտույթան բոլոր կողմերին, և դրա մասին ասվում է ոչ մեկ անգամ: Ինչո՞ւ: Քանի որ ակնհայտ է, որ առանց ԼՂ կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, և առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:
Լավ է, որ Բաքուն, ուշադրություն դարձրեց դովիլյան հայտարարության մեջ Հելսինկիի եզրափակիչ ակտին արված հղմանը, ըստ որի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց: Իհարկե, նաև հենց այդ պատճառով է, որ Եզրափակիչ ակտի ընդունումից հետո, շուրջ երեսուն նոր պետություն է ստեղծվել և հիմնականում հենց իրենց ճակատագիրը տնօրինելու, ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացման շնորհիվ:
Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրև Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրփակիչ ակտում պարզապես չկա:
Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս և չեն բարեհաճում կարդալ մինչև վերջ, կցանկանայի նաև հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է:
Իհարկե, կարևոր է նաև, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է, ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար, հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները և վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարևոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա ԼՂ բնակչության իրավունքն է` որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող համարտահայտության միջոցով», – ասել է ՀՀ արտգործնախարարը: