15/07/2011 12:03
Օբաման Կոնգրեսին 36 ժամ է տվել
Բարաք Օբաման ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներից պահանջել է համաձայնության գալ` բարձրացնելու առավելագույն թույլատրելի պետական պարտքը մինչև հուլիսի 16-ը: Ինչպես գրել է «The Washington Post» թերթը, վկայակոչելով նախագահի վարչակազմի անանուն աշխատակցին, նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել նախօրեին` Կոնգրեսի անդամների հետ այս թեմայով հերթական հանդիպման ժամանակ:
Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Օբաման, Կոնգրեսի անդամները ստիպված կլինեն առաջիկա հանգստյան օրերին հետագա բանակցությունների համար գալ Սպիտակ տուն:
Հաղորդվել է նաև, որ այսօր նախագահը մտադիր է երկրի բյուջեի ընդունման թեմայով հանդես գալ մամուլի ասուլիսով:
Նշենք, որ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն 5 ամիս է չեն կարողանում հասնել փոխզիջումային տարբերակի` 2012թ.-ի բյուջեի նախագծի շուրջ:
Օբամային աջակցող դեմոկրատները փորձում են բարձրացնել պետական պարտքի սահմանաչափը և վերացնել ապահովված ամերիկացիների հարկային արտոնությունները` հույս ունենալով այդ կերպ հաղթահարել բյուջեի աճող դեֆիցիտը: Իսկ
Հանրապետականները պնդում են հակառակը` առաջին հերթին կրճատել պետական ծախսերը:
Բյուջեի նախագիծը պետք է համաձայնեցվի և ստորագրման համար Օբամային ուղարկվի մինչև օգոստոսի 2-ը:Հակառակ դեպքում, ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի հայտարարել տեխնիկական դեֆոլտ: