16/07/2011 10:44
Չավեսը քիմիաթերապիա կընդունի Կուբայում
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մոտ ապագայում քիմիաթերապիա կընդունի Կուբայում: Այս մասին հաղորդում է «Ասոշեյթիդ Պրես» (Associated Press) գործակալությունը:
Չավեսի խոսքերով` Կուբայում նա կսկսի քաղցկեղի բուժման «երկրորդ փուլը»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի նախագահն իր բուժումը կշարունակի Բրազիլիայում:
Չավեսն արդեն Վենեսուելայի խորհրդարան է ուղարկել պաշտոնական խնդրանք` բուժման համար թույլ տալ իրեն հեռանալ երկրից: Պերուի նախագահ Ուլյանտա Ումալը (Ollanta Humala), ում հետ հանդիպման ժամանակ էլ 56-ամյա Չավեսը հայտարարել էր իր ծրագրերի մասին, Վենեսուելայի առաջնորդին հիվանդության դեմ «անձնական ճակատամարտում» հաջողություն է մաղթել:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Ուգո Չավեսը Կուբայում ստիպված է եղել վիրահատվել, ինչի արդյունքում հեռացվել էր թարախակույտը: Մինչև ամսվա վերջ նախագահը չէր հայտնվում հեռուստառադիո եթերում, ինչն էլ նրա առողջության վերաբերյալ բազմաթիվ ասեկոսեների առիթ էր տվել: Հուլիսի 1-ին Չավեսը խոստովանեց, որ Կուբայում նրան վիրահատել են` հեռացնելով չարորակ ուռուցքի նորագոյացությունը:
Հուլիսի 4-ին վերադառնալով Վենեսուելա` Չավեսը քննադատվել էր ընդդիմության կողմից, որը քաղաքական գործչին կոչ էր արել չսպառնալ ազգային անվտանգությանը և հրաժարական տալ: