20/07/2011 13:20
IFC-ն կազմակերպել է դասընթաց
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կազմակերպել է դասընթաց բանկային համակարգի աշխատակիցների համար` ռիսկերի կառավարման հմտությունները բարելավելու նպատակով, որը հատկապես կարևորվում է բանկային ոլորտի կայունացման ու արդյունավետության բարձրացման համար: Վերջինս կաջակցի տնտեսությանը հաղթահարելու ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները:
IFC լրատվական ծառայության փոխանցմամբ, դասընթացը կայացել է հուլիսի 18-ից-19-ը Երևանում, որտեղ ներկայացվել են միջազգային բանկային համակարգի զարգացման միտումները: Դասընթացը հիմնականում նվիրված էր այն ֆինանսական գործիքների ներկայացմանը, որոնք կարող են նվազեցնել իրացվելիության ռիսկը, որը կարող է առաջ գալ այնպիսի դեպքերում ինչպիսիք են վարկային ռեյթինգների իջեցումը կամ կանխիկ դրամի անկանխատեսելի արտահոսքը։ Առաջատար բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների ավելի քան քսան աշխատակիցներ մասնակցել են դասընթացին:
«Դասընթացը աջակցեց մասնակիցներին ավելի հստակ ըմբռնել իրացվելիության ռիսկի ազդեցությունը բանկային գործընթացների վրա։ Բանկային ոլորտի աշխատակիցները ձեռք բերեցին գիտելիքներ, որոնք կարող են կիրառվել բանկերում` ապագայում ռիսկերը կանխելու և մեղմելու համար»,– ասել է IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Դասընթացը կազմակերպվել է IFC-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող Ֆինանսական ոլորտի հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի զարգացման բանկի հետ համագործակցության շնորհիվ: