23/07/2011 13:30
Իտալիան պատրաստ է լիբիական ապստամբներին տրամադրել 350 մլն եվրո
Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատտինին հանդիպել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի վարչապետի տեղակալ Ալի ալ-Իսավիի հետ և հայտարարել, որ Իտալիան պատրաստ է այդ կազմակերպությանը տրամադրել օգնության փաթեթ 350 մլն եվրոյի սահմաններում:
Նախատեսվում է, որ այդ գումարի որոշակի մասը տրամադրվելու է կանխիկ գումարով, իսկ մնացած մասը` վառելիքի տեսքով:
Ֆրատտինիի հայտարարության մեջ նշվում է, որ այդպիսի հումանիտար օգնության տրամադրումը օրերի հարց է, և որ այդ օգնության տրամադրման մասին համաձայնագիրը 2 կողմերը արդեն իսկ ստորագրել են:
Իր հերթին, ալ-Իսավին հայտնել է Մուամար Քադդաֆիի վարչակարգի դեմ պայքարում հաջողությունների մասին, որպես օրինակ բերելով Քադդաֆիի հրամանատարական կետի վրա հարձակումը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նրա ավագ որդին` Սեյֆ ալ-Իսլամը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի փետրվարին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, որը երկիրը բաժանել է երկու մասի`արևմուտքի, որտեղ կենտրոնացել էին Քադդաֆիի աջակիցները և արևելքի, որը վերահսկվում, է ապստամբների կողմից:
2011թ.-ի մարտի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը արգելում է Լիբիայի կառավարական ինքնաթիռներին Լիբիայի վրայով թռիչքներ իրականացնել, դրանից հետո լիբիական հակամարտությանը միջամտել է միջազգային կոալիցիան, որը սկսել է օդային հարվածներ հասցնել Լիբիայի ռազմական և արդյունաբերական օբյեկտներին, որոնք գտնվում էին Մ. Քադդաֆիի ուժերի վերահսկողության տակ, իսկ որոշ ժամանակ անց կոալիցիայի հրամանատարությունը անցնում է ՆԱՏՕ-ին: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: