23/07/2011 13:45
Հադրութում կկանգնեցվի Թևան Ստեփանյանի կիսանդրին
Հուլիսի 30-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղի կունենա «Հայ ասպետ» հիմնադրամի կազմակերպած «Երախտապարտ եմ, հայրենիք խորագիրը կրող անդրանիկ միջոցառումը: «....սա ասպետ է, իսկական հերոս, ըմբոստ հայրենասեր: Ես համոզված եմ, որ գալու է ժամանակ, նրա արձանը կանգնեցվելու է իր հայրենի Ղարաբաղում»:
Այս խոսքերն ասել է Թևան Ստեփանյանի դատավարությանը մասնակցած ռուս դատավորը: Իսկ այս օրը Թևանի կիսանդրին նրա հարազատ Տումի գյուղում կանգնեցնում են հայ ասպետները:
Հիմնադրամից հայտնում են, որ «Հայ ասպետ» կենտրոնի սաների ծնողները արդեն մեկ տարի է գումար են հանգանակում, որը, հիմնադրամի տնօրենության որոշմամբ, պետք է ծախսվի մեր հայրենիքի որևէ վայրում որևէ հուշարձանի ստեղծման կամ բարեգործական նպատակներով:
Այս տարվա հավաքված գումարով նախատեսված է Հադրութի շրջանի Տումի գյուղում կանգնեցնել 20-րդ դարասկզբի Արցախի ազատագրական պայքարի երբեմնի հերոս Թևան Ստեփանյանի հուշակոթող կիսանդրին, բարեկարգել շրջակայքը (տարածքի բարեկարգումը կկատարվի երեխանների ձեռքերով` վարպետների հսկողությամբ), նպաստել գյուղում նրա թանգարանի բացմանը, դպրոցի գրադարանը հարստացնել գրքերով: Այս ամենը կնպաստի մեր պատմական մոռացված դեմքերի ճանաչմանը երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակմանը: Միջոցառումը կիրականացվի դեպի Արցախ յոթօրյա (հուլիսի 25-31-ը) արշավի ընթացքում:
Նշենք, որ Թևան Ստեփանյանը ծնվել է 1892 թվականին Դիզակի (այժմ` Հադրութի) շրջանի Տումի գյուղում: Մասնակցել է առաջին աշխարհամարտին: Պատերազմից վերադառնալով հայրենի գյուղ` կազմակերպել է մի ջոկատ Դիզակի արևելյան գյուղերը թուրք-թաթարների հարձակումներից պաշտպանելու համար: Իսկ երբ 1920 թվականի ամռանը կարմիր բանակի զորամասերը ներխուժում են Դիզակի գյուղերը և Արցախ ներմուծված խորհրդային մարմինների օգնությամբ իրագործում բռնագրավումների քաղաքականությունը, Թևան Ստեփանյանն ըմբոստանում է դրա դեմ, որի համար էլ բանտարկում են նրան: Թևանին հաջողվում է փախչել բանտից և պայքար ծավալել տեղական բոլշևիկյան և խորհրդային մարմինների ու կարմիր բանակի զորամասերի դեմ: Թևանը սերտ կապեր է հաստատում Դրոյի և Գարեգին Նժդեհի հետ և նրանց հանձնարարությամբ զբաղվում Դիզակի հարավային սահմաները ամրապնդելու խնդրով: Թևանին հաջողվում է ազատագրել Դիզակի և Վարանդայի շրջանները:
1920 թվականի մայիսի կեսերին Թևան Ստեփանյանի գլխավորած հակախորհրդային շարժումը ճնշելու համար Արցախում կենտրոնացված 11-րդ կարմիր բանակի զորամասերը հարձակման են անցնում, բայց պարտության են մատնվում: Այնուամենայնիվ, 1921 թվականի ապրիլի կեսերին Թևանը անհավասար մարտերում անհաջողության է մատնվում, փոխադրվում Զանգեզուր և միանում Նժդեհի ուժերին: 1921 թվականի մայիսին տարագրվում է Պարսկաստան, որտեղ 1941 թվականի նոյեմբերի սկզբին ձերբակալվում է խորհրդային գործակալների կողմից, բերվում Բաքու:
ՊԱԿ-ի գնդապետ Էդվարդ Մարտիրոսովը, որը եղել է Թևան Ստեփանյանին ձերբակալող խմբի ղեկավարը, գրում է, որ դատավարության վերջին օրը Թևանը արյունոտված պիջակի գրպանից հանելով մի փոքրիկ քսակ պարզում է դեպի Մարտիրոսովը և ասում. «Այս քսակի մեջ ես պահում եմ մի բուռ հող, որը վերցրել եմ հայրենի Ղարաբաղից: Այս բուռ հողը իմ սրտի մեջ պահում եմ քսան տարուց ավելի: Ես այս հողի համար եմ պայքարել, այս հողը հային պահելու համար են ինձ հետապնդել և օտարել իմ հայրենի Ղարաբաղից: Այս հողը, իբրև սրբություն, որպես մեր քաջ նախնիների արյամբ ամրացած, կրել եմ մարմնիս վրա և ուժ ու եռանդ ստացել: Որտեղ էլ որ մեռնեի, իբրև պատգամ պիտի խնդրեի այս մեկ բուռ հողը շաղ տան գերեզմաննիս վրա: Խնդրում եմ կատարեք իմ այս պատգամը…»: Թևանի դատավճիռն էր` գնդակահարություն: