27/07/2011 15:23
ՀԱԱՊ-ի տարեկան ընդհանուր ժողով. նոր նախագահը Էդուարդ Մուրադյանն է
2011թ.-ի հուլիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) 11-րդ Տարեկան ընդհանուր ժողովը, որը վարում էր ՀԱԱՊ-ի նախագահ Դավիթ Աթանեսյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀԱԱՊ-ի լրատվության բաժնից` նշելով, որ ժողովին քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներկայացվել են ՀԱԱՊ-ի ֆինանսական հաշվետվությունները:
Ընդհանուր ժողովը որոշումներ է կայացրել մի շարք կազմակերպչական հարցերի շուրջ և հաստատել ՀԱԱՊ կանոնադրության մի քանի երկար սպասված փոփոխություններ: Մասնավորապես` ընդհանուր ժողովը որոշում է կայացրել Տնօրենների խորհրդի կազմը (Տնօրենների խորհրդի անդամներ) ընդլայնելու` անդամների թիվը 8-ից 12 դարձնելու մասին:
Ընդհանուր ժողովը որպես ՀԱԱՊ նախագահ է ընտրել «Պրուդենս» իրավաբանական ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մուրադյանին: Նախկին նախագահ Դավիթ Աթանեսյանը («Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ) և տնօրեն Գեորգի Իսայանը («Էլ Թի Էքս Քրիդենս Արմենիա» ՍՊԸ) ընտրվել են 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրել է նոր տնօրեններ` Արարատ Ղուկասյան (Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ), Դիանա Ղազարյան («Բուզ Ալլեն Համիլթոն Ինկ.» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն), Դավիթ Դավթյան («Սիգար Արիստոկրատ»), Դավիթ Սարգսյան («Ամերիա» ընկերությունների խումբ ՓԲԸ), Գագիկ Արզումանյան («Արմենիան Քոփեր փրոգրամ» ՓԲԸ), Գառնիկ Տոնոյան («Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ), Կարեն Զաքարյան («ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ), Հեյկո Կռայսել («Ցեպելին Արմենիա» ՍՊԸ) և Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ):
Ըստ տեղեկատվության, ՀԱԱՊ-ն անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում` ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն -ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ է: