27/07/2011 18:09
Սենատորը պահանջեց հետաձգել Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը
Այսօր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սենատոր Ռոբերտ Մենենդեսի պահանջով հետաձգվեց նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Հանձնաժողովի քվեարկությունը, հավանաբար կհետաձգվի մինչ սեպտեմբեր: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
Սենատոր Մենենդեսն Ամերիկայի Հայկական Համագումարին ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր` վերանայելու պրն. Հեֆերնից ստացած պատասխանները, և, որ նրան մտահոգում է վարչակազմի բառախաղը ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի հաստատման և ճանաչման վերաբերյալ:
Հեֆերնի թեկնածության հաստատման նիստի ժամանակ սենատոր Մենենդեսն արտահայտեց իր վրդովմունքը վարչակազմի` Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ վարած քաղաքականության նկատմամբ` նշելով, որ սա «անհասկանալի մի խաղ է մեր կողմից». «Մենք գիտենք պատմական այս փաստերի մասին և գիտենք, որ եղել է ցեղասպանություն, սակայն մենք չենք ցանկանում դրանք անվանել ցեղասպանություն: Եվ եթե մենք անունակ ենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող շարժվել առաջ: Այդ պատճառով ես գտնում եմ, որ չափազանց դժվար է ուղարկել ԱՄՆ դեսպաններին մի երկիր, որտեղ իրենք կմասնակցեն Ցեղասպանության հիշատակման արարողություններին` միաժամանակ անունակ լինելով գործածել «ցեղասպանություն» արտահայտությունը»,-ասել է Մենեդեսը:
«Մենք երախտապարտ ենք սենատոր Մենենդեսից իր շարունակական աջակցության և հաստատակամության համար»,- նշել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` այսօրվա զարգացումների վերաբերյալ խոսելիս և հավելել. «Վարչակազմը պետք է ուշադրություն դարձնի Մենենդեսի կոչին և կատարի իր խոստումը` միանշանակորեն ճանաչի մարդկության դեմ իրագործված այս հանցագործությունը որպես ցեղասպանություն»: Նա շեշտել է, որ Ցեղասպանության փաստի հաստատումը և դրա մասին կրթումը կարևոր են ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում, ինչպես նաև մեծացնում են տարածաշրջանում ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը»: