02/08/2011 12:34
Հուլիսին հունիս ամսվա նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է 3% գնանկում
«Հուլիսին հունիս ամսվա նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է 3% գնանկում սպառողական շուկայում, այդ թվում պարենային ապրանքների գները նվազել են 5,9%, ոչ պարենային ապրանքների գները մնացել են նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակին հավասար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից արդեն ավարտվել է գների դիտարկման, հավաքագրման և ամփոփման աշխատանքները հուլիս ամսվա համար: «Պարենային 13 ապրանքային խմբերից գնանկում է արձանագրվել 8 ապրանքային խմբերում, 4-ում արձանագրվել է գնաճ, իսկ 1 ապրանքային խմբում գները մնացել են անփոփոխ»,-ընդգծեց Գ. Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, առավել նկատելի գնանկում է արձանագրվել բանջարեղենի և կարտոֆիլի գծով` 34,9%-ով, մրգի գծով`23,3%-ով, գնանկում է արձանագրվել կաթնամթերքի գծով 1,4%-ով, ձվի գծով 1,1%-ով, ձկնամթերքինը`1%-ով, հացամթերքինը`0,6%-ով, շաքարավազի գները նվազել են 0,1%-ով, ոչ ոգելից խմիչքները նույնպես 0,1%-ով:
Գ. Մարտիրոսյանը նկատեց, որ վերջին մեկ ամսում գնաճ է արձանագրվել մսամթերքի գծով 2,9%-ով, որը մի քանի ամիս է գնաճ է շարունակաբար արձանագրում սպառողական շուկայում, կենդանական և բուսական յուղի գները մնացել են անփոփոխ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի գները աճել են 0,9%-ով, հրուշակեղենինը 0,4%-ով, այլ մթերքներինը 0,1%-ով, բացի այդ ոգելից խմիչքի և ծխախոտի գները աճել են 0,2%-ով:
Ըստ նրա, 2011թ.-ի հունվարին արձանագրված բարձր 3,4% գնաճից հետո, այնուհետև գնաճ է արձանագրվել փետրվար-մարտ ամիսներին, այնուհետև ապրիլին արձանագրվել է գնանկում 0,2%-ով, մայիսին գները մնացել են նույնը, իսկ վերջին 2 ամիսներին արձանագրվել է գնանկում 1,4%, իսկ հուլիսին 3%:
Գ. Մարտիրոսյանը պարզաբանեց, որ վերջին 2 ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4,4%, որի արդյունքում 2011թ.-ի հուլիսը 2010թ.-ի դեկտեմբերի նկատմամբ սպառողական շուկայում գնաճը կազմել է ընդամենը 0,4%: Նա հավելեց, որ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գնաճը կազմել է 6,3%, այդ թվում պարենային ապրանքների գնաճը 10,6%, ոչ պարենային ապրանքներինը`3,1%, իսկ ծառայության սակագները աճել են 2,3%-ով: