10/08/2011 11:14
Լիբիայի առաջնորդի «սպանված» որդին հայտնվել է հեռուստաեթերում
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կրտսեր որդին` Համիսը, ում սպանության մասին մինչ այդ հայտարարել էին ապստամբները, հայտնվել է լիբիական ազգային հեռուստատեսության եթերում:
Լիբիական հեռուստատեսությամբ ցուցադրել են թե ինչպես է Համիս Քադաֆին Լիբիայի արևմուտքում գտնվող Մաջեր գյուղում այցելում վիրավորներին, որոնք տուժել էին ՆԱՏՕ-ի օդային հարվածներից:
Լիբիական հեռուստատեսությունը պնդում է, որ նկարահանումը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, այսինքն մի քանի օր անց այն բանից հետո, երբ ապստամբները հայտարարել էին Համիս Քադաֆիի ոչնչացման մասին:
Նշենք, որ լիբիական ապստամբների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Համիսը, սպանվել է Տրիպոլիից արևելք` ՆԱՏՕ-ի օդուժի հարվածների հետևանքով: Նշենք, որ օդային հարվածը տեղի էր ունեցել գիշերը Զլիտան քաղաքի մոտակայքում, Տրիպոլիից 160 կմ դեպի արևելք, որտեղ ընթանում են կատաղի մարտեր:
Հիշեցնենք, որ Լիբիական իշխանությունները հերքում էին Լիբիայի առաջնորդի կրտսեր որդի Համիս ալ-Քադաֆիի մահվան մասին լուրերը:
27-ամյա Համիս Քադաֆին ղեկավարում է էլիտար ստորաբաժանում, որը պայքարում է լիբիական Ազգային անցումային խորհդի դեմ:
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների զոհ են դարձել Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Արաբը, ինչպես նաև Քադաֆիի 3 թոռնիկները, որոնց 3 տարին դեռ չէր բոլորել: Այդ մասին հաղորդում է լենտա.ռու(lenta.ru) կայքը: