11/08/2011 10:21
Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում հեռակառավարման ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են 5 և վիրավորվել տասնյակ մարդիկ: Այդ մասին հաղորդել է տեղական ոստիկանության պետ Իմթիազ Խանը:
Նրա խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել առավոտյան` մոտակայքում անցնող ոստիկանական ավտոմեքենայի հարևանությամբ:
Հաղորդվում է, որ զոհվել են 4 ոստիկաններ և մեկ երեխա, որն այդ ժամանակ անցնում էր մոտակայքով, իսկ 18 ոստիկաններ վիրավորվել են:
Դեռևս ոչ մի կազմակերպություն չի վերցրել պատասխանատվությունը այդ պայթյունի համար:
Նշենք, որ Փեշավարը գտնվում է Պակիստանի ցեղախմբերի բնակության շրջանի մոտ, որտեղ ակտիվորեն գործում են միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության և «Թալիբան» շարժման գրոհայինները, իսկ վերջին շրջանում քաղաքում իրականացվել են մի քանի ահաբեկչություններ, որոնց մեծամասնությունը ուղղված է եղել անվտանգության ուժերի դեմ: Այդ մասին հաղորդում է «Ռիա.ռու»(ria.ru) կայքը: