11/08/2011 16:31
Սերբերը թուրքերին զիջեցին ոչխարի պատճառով
Թուրքական «Սիվաշսպորը» սերբական «Ռադ Բելգրադ» թիմի հետ հանդիպումից առաջ հավատարիմ է մնացել ոչխար մորթելու ավանդույթին` ի նշան այն փաստի, որ մրցաշրջանը մեկնարկում է: Հյուրերի ավագ Ռադոմիր Կակովիչը սերբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ երբ թունելից դուրս են եկել մարզադաշտ` նախախաղային վարժանքներ կատարելու համար, նկատել են երկու մարդու, ովքեր ոչխար են քարշ տվել, իսկ հետո երկար դանակներ են վերցրել ձեռքները:
Սերբական թերթերը գրում են, որ ֆուտբոլիստները լրջորեն վախեցել են այդ տեսարանից, վերադարձել են հանդերձարան և խաղադաշտ են մտել միայն մրցավարի պահանջով:
«Տրիբունաները փոթորկվում էին, իսկ ֆուտբոլիստները իրենց վրա էին քսում գլխատված ոչխարի արյունը: Նույնիսկ նրանց ավագի ձեռքերը, երբ մոտեցավ` ողջունելու ինձ, արյունոտ էին: Արյան հետքեր կային նաև խոտածածկին: Հավանաբար, նրանց համար դա սովորական բան է, բայց ես, անկեղծ ասած, խաղադաշտում նման բան չէի սպասում: Տեսածներս ողջ հանդիպման ընթացքում ազդում էր մեզ վրա, և մենք պարտվեցինք 1:4 հաշվով: Թուրքիա ուղևորությունից ստացած տպավորությունս դեռ երկար կհիշեմ»,- սերբական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել է Ռադոմիր Կոկովիչը: