20/08/2011 10:25
Եգիպտոսն իր դեսպանին հետ է կանչել Իսրայելից
Եգիպտոսը որոշում է կայացրել իր դեսպանին հետ կանչել Իսրայելից և դեսպանը չի վերադառնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չավարտի 5 եգիպտացի զինծառայողների մահվան հետաքննությունը:
Եգիպտացի զինծառայողները սպանվել էին օգոստոսի 18-ի երեկոյան, Իսրայելի հետ սահմանի տարածքում: Եգիպտոսի պետական տեղեկատվական գործակալությունների հնչեցրած տարբերակի համաձայն, զինծառայողները զոհվել էին իսրայելական ուղղաթիռից արձակված կրակահերթից, որը մասնակցում էր գրոհայինների չեզոքացման գործողություններին:
Իսրայելը եգիպտացի զինծառայողների զոհվելու փաստի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, թեև խոստացել է մանրազնին հետաքննել կատարվածի հանգամանքները:
Օգոստոսի 19-ի երեկոյան, Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ հավաքվել էին մոտ 200 մարդ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն եգիպտացի զինծառայողների մահվան կապակցությամբ, որի համար, ըստ իրենց, մեղավոր է իսրայելական կողմը:
Դեսպանատան անվտանգության ապահովման համար այնտեղ էին ուղարկվել ոստիկանության և բանակի ստորաբաժանումներ, իսկ շենքի առջև, որտեղ տեղակայված է իսրայելական դիվանագիտական առաքելությունը, կանգնած է զրահատեխնիկա: Հաղորդում է «Associated Press» գործալալությունը: