22/08/2011 15:41
ՀԱՀ-ն չի ուզում Քադաֆիի փրկիչը դառնալ
Հարավ Աֆրիկյան Հանրապետության իշխանությունները հերքել են լուրերն այն մասին, որ Մուամար Քադաֆին պատրաստվում է փախչել և ապաստան ստանալ ՀԱՀ-ում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին։
ՀԱՀ արտաքին գործերի նախարար Մ. Նկոանա-Մաշաբանի խոսքով՝ իր երկիրը Քադաֆիի ետևից ինքնաթիռ չի ուղարկել, բացի այդ, իր ունեցած տեղեկություններով, Լիբիայի առաջնորդը մտադրություն չունի փախչել ՀԱՀ։
Նախարարն ընդգծել է նաև, որ Քադաֆիի ռեժիմի տապալման դեպքում՝ ՀԱՀ իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել ապստամբների իշխանությունը։
Խոսակցություններն այն մասին, որ Քադաֆին կարող է ապաստանել ՀԱՀ-ում, շրջանառվեցին այն բանից հետո, երբ տեղեկատվություն տարածվեց, որ օրերս այս երկրի երկու ինքնաթիռներ վայէջք են կատարել Տրիպոլիի օդանավակայանում։
Նշենք, որ ներկայումս Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է։