23/08/2011 10:03
Արցախի նախագահն ընդունել է ֆրանսիայի խորհրդարանականներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին և Վալերի Բուայեին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մեջ` բարձր գնահատելով նրա գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել խորհրդարանական կապերի ընդլայնումը` ընդգծելով Արցախի հատուկ շահագրգռվածությունն այդ հարցում: Երկուստեք նշվել է նաև փոխգործակցության հետագա խորացման և այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման մասին:
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: