24/08/2011 10:24
Օբաման արտահերթ խորհրդակցություն է անցկացրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտահերթ խորհրդակցություն է անցկացրել երեքշաբթի օրը ԱՄՆ հյուսիսարևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, նիստի ընթացքում նախագահը մտքեր է փոխանակել Ազգային անվտագհության գերատեսչության և Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավարության հետ:
Նախագահին զեկուցվել է, որ ենթակառուցվածքային համալիրների, այդ թվում օդանավակայանների ու ԱԷԿ-ների ավերման տեղեկություններ չկան:
Նշենք, երեքշաբթի օրը ԱՄՆ արևելյան ափին 5,8 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգալի են եղել Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա, Նյու-Յորք, Օհայո, Մենիլենդ նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Վաշինգտոնում:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հաղորդել են, թե երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել, ցունամիի առաջացման վտանգ ևս չկա:
Երկրաշարժից անմիջապես հետո, կարճ ժամանակով դադարեցվել է Նյու-Յորքի և Վաշինգտոնի օդանավակայանների աշխատանքը: Կապիտոլիումի և Պենտագոնի անձնակազմերը ևս տարհանվել են անտվանգության նկատառումներից ելնելով;
Ներկայումս ԱՄՆ պետական գերատեսչությունների աշխատանքը շարունակվում է բնականոն հունով: