26/08/2011 14:18
ֆիլիպ Լեֆորթը` Հարավային Կովկասում ԵՄ նոր ներկայացուցիչ
Ֆրանսիացի դիվանագետ ֆիլիպ Լեֆորթը նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրությունում:
Տեղեկատվության համաձայն, Լեֆորթը փոխարինելու է Պիեր Մորելին ու Փիթեր Սեմնեբիին և պաշտոնավարելու է 2011 թ –ի սեպտեմբերի 1-ից մինչ 2012 թ-ի հունիսի 30-ը:
Հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպության քաղաքական նպատակների իրագործման նպատակով, ներկայացուցչի մանդատը ներառում է տարաշաշրջանում կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարևոր խաղացողների, դատական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապերի զարգացումը, համագործացության խրախուսումը տարածաշրջանի երկրների շրջանում ընդհանուր հետաքրքրության և անվտանգության ընդհանուր սպառնալիքների շուրջ` ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության, կազմակերպված հանցագործության հարցերում, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ լուծման խթանումն ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի հետ սերտ համագործացությամբ դրանց կարգավորման իրագործումը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, թե ֆիլիպ Լեֆորթը 20-ամյա փորձառությամբ ֆրանսիացի դիվանագետ է, ով երկրար տարիներ զբաղվել է Հարավային Կովկասի և Ռուսաստանի հարցերով, եղել է Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում (2004-2007), ինչպեսնաև Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալը (2007-2010): 2010 թ-ից Լեֆորթը աշխատել է Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունում Մայրցամաքային Եվրոպայի Գլխավոր Տնօրինության ղեկավարի պաշտոնում: