29/08/2011 11:07
Սիրիայի նախագահը վերացրել է ԶԼՄ-ների գրաքննությունը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է երկրում լրատվամիջոցների գործունեությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել երկրի պետական «Սանա» գործակալությունը: Ըստ այդմ, վերացվում է տեղի ու երկրում գործող միջազգային լրատվամիջոցների պետական գրաքննությունն ու վերահսկողությունը:
Լրատվամիջոցների վերաբերյալ փաստաթղթում ամրագրված դրույթները երաշխավորում են «խոսքի ազատությունն ու երկրի սահմանադրությունում, Մարդու իրավունքների հռչակագրում, ինչպես նաև Դամասկոսի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերում ամրագրված այլ ազատությունները»:
Օրենքի համաձայն, լրագրողները պետք է «պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց հրապարակումներին, տրամադրեն ազնիվ, օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկություններ՝ օրենսդրության համաձայն` օգտագործելով ձեռք բերված տեղեկատվությունը»:
Նոր օրենքը պաշտպանում է հրատարակչությունների աշխատակիցների իրավունքը՝ «չբացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ՝ եթե դա պահանջվում է դատական գործընթացի շահերից ելնելով»:
Լրատվամիջոցներին արգելվում է նաև «ազգային միաբանությանն ու անվտանգությանը վնաս հասցնող նյութեր հրապարակել, որոնք ուղղված կլինեն կրոնին ու կարող են հրահրել հասարակական կամ դավանանքային անհամաձայնություններ»:
Նշենք, որ լրատվամիջոցների վերաբերյալ նոր օրենքն ընդունվել է կառավարության ձեռնարկած լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակներում: