29/08/2011 10:17
«Այրին» փոթորիկը կորցրել է թափը
Նյու Յորքի իշխանությունները թույլատրել են մոտ 300 հազար տարհանված բնակիչների վերադառնել տուն այն բանից հետո, երբ օդերևութաբանների՝ ջրհեղեղի վերաբերյալ առավել վատատեսական կանխատեսումները չարդարացան: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:
Նշենք, Միացյալ Նահանգների ատլանտյան ափերին փոթորիկը հասել էր շաբաթ օրն առավոտյան, որից հետո երկրի մոտ 10 նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարվել: Վտանգավոր գոտում չեղյալ էին հայտարավել մոտ 8 հազար չվերթ, փակվել էին Նյու-Յորքի բոլոր օդանավակայանները: Պարտադիր տարհանման էին ենթարկվել 370 հազար մարդ միայն Նյու Յորքում, մեկ միլիոնից ավելը՝ Նյու Ջերսի նահանգի ափամերձ շրջաններում:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ներկայացուցիչները, զոհերի ընդհանուր թիվը կազմել է 14 մարդ:
Այնուհանդերձ, կիրակի երեկոյան ԱՄՆ Փոթորիկների կանխատեսումների ազգային կենտրոնից հայտնել են, թե փոթորիկը կորցրել է թափը և ուղղություն վերցրել դեպի Կանադա: Չեղյալ է համարվել նաև բնական աղետի վտանգավորության առաջին աստիճանը: