29/08/2011 11:28
Պայթյուն` թուրքական լողափում
Թուրքիայի Կեմեր հանգստավայրում լողափին պայթած նռնակների արդյունքում 15 զբոսաշրջիկ է տուժել: Վիրավորների թվում կա 3 ռուս: Դեպքը պատահել է երեկ, «Վիկինգ սթար» հյուրանոցից ոչ հեռու: Հայտնում է «rbc.ru» կայքը:
Աղբյուրը նշում է, որ Կեմերը ռուս զբոսաշրջիկների սիրելի վայրն է և տուժածների մեջ նրանց քիչ թիվը բացատրվում է վերջինների` հյուրանոցների լողավազաններում լողալու սովորությամբ: Վիրավորների թվում գերակշռում են Գերմանիայից և Նորվեգիայից ժամանած զբոսաշրջիկները, որոնցից 5-ի վիճակը ծայրաստիճան ծանր է:
Կեմերի ոստիկանությունը պայթյունն իրականացնելու մեղադրանքով հայտարարել է հետախուզում 2 բարձրահասակ տղամարդու նկատմամբ: Նրանց նկատել են լողափին գործող սրճարանի մատուցողը և փրկարարները, սակայն մտածել են, որ պարզապես հանգստացողներ են: Ներկա պահին ափը շրջափակված է, իսկ զբոսաշրջիկները` տեղահանված:
Հիշեցնենք, որ նման դեպք գրանցվել էր օգոստոսի 26-ին Անթալիայում: Թուրքական մամուլում արդեն շրջանառվում են վարկածներ, թե պայթյունները պատահական չեն և կարող են լազմակերպված լինեն քուրդ զինյալների կողմից: