30/08/2011 10:34
Գվատեմալայի 83 բնակիչներ մահացել են ամերիկացիների փորձերից
ԱՄՆ-ում նախագահական հանձնաժողովը լսել է մի զեկույց, ըստ որի Գվատեմալայի ավելի քան 83 բնակիչներ մահացել են այն պատճառով, որ նրանց 1940-ական թվականներին ամերիկացի բժիշկ–գիտնականները միտումնավոր վարակել են սեռավարակներով։
Գվատեմալայի հարյուրավոր բանտարկյալների, հոգեբուժարանների հիվանդների և մանկատան որբերի, առանց նրանց համաձայնության, ԱՄՆ կառավարության՝ պենիցիլինի արդյունավետության ուսումնասիրման ծրագրի շրջանակներում, վարակել են սիֆիլիսով և հոնորեայով։
Միայն 2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ն ընդունեց, որ իրենց բժիշկները գվատեմալցիների վրա փորձարկումներ են կատարել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է հայցել Գվատեմալայի իր գործընկեր Ալվարո Կոլոմից։ Ներկայումս ԱՄՆ կառավարության կողմից այս գործով դատական գործընթացներ են սկսվել։