30/08/2011 15:47
Ս. Օհանյան. «Մենք ուժեղացնում ենք մեր սպառազինությունները»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելեց հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասի զորային հրաձգարան և դիտեց կրակային պատրաստության պարապմունքը: Այնուհետև Սեյրան Օհանյանը մեկնեց մարտական դիրքեր, ծանոթացավ տեղի կենցաղային պայմաններին, ինչից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Ինչպես հայտնում է Aysor-ի թղթակիցը, զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ պետք է ներկայացնենք մեր հասարակությանն այն, ինչ կատարվում է մեր զինված ուժերում:
«Մենք իրականացնում ենք զինված ուժերի բարեփոխումներ արդեն 3 տարի: Այս տարի լուրջ ուշադրություն ենք դարձնում դաշտային պարապմունքներին: Ուսուցման գործողությունների շուրջ 30 տոկոսը մենք անց ենք կացնում հենց առաջին գծում: 2011թ-ի առաջին կիսամյակը ՀՀ զինված ուժերում հայտարարվել է «կարգապահության ամրապնդման կիսամյակ»:
Բացի այդ լուրջ ուշադրություն է դարձվում ուսումնադաստիարակչական գործունեությանը: Վերջին 3 տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում է նաև պահեստազորայինների հավաքը, ինչպես նաև զինված ուժերի համալրումը:
«Ընդլայնվում է պայմանագրային զինծառայողների թիվը, որը քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ: Մենք ուժեղացնում ենք այսօրվա գոյություն ունեցող մեր սպառազինությունները` նորանոր զինատեսակներով»,- ասաց նախարարը:
ՊՆ նախարարի խոսքերով` յուրաքանչյուր հրամանատար և սպա պետք է տիրապետի մանկավարժական պրակտիկային և այն պետք է կիրառի ՀՀ Զինված ուժերում: