30/08/2011 10:38
Եմենում նախագահական նոր ընտրություններ կանցկացվեն
Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, թե պատրաստ է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով Եմենի պետական գործակալության տարածած հաղորդագրությանը:
Հայտարարությունում նշվում է, թե «անհրաժեշտ է հնարավորինս շուտ նախապատրաստել և անցկացնել հանրապետության նոր նախագահի ազատ և ուղղակի ընտրություններ»:
Ավելի ուշ «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, թե նախագահական ընտրությունները Եմենում, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն առաջիկա երեք ամիսներին, իսկ այդ ընթացքում իշխանությունը փոխանցվելու է երկրի փոխնախահգահ Աբդրաբա Հադիին:
Նշվում է նաև, թե ընդդիմությունը համաձայնվել է այս ծրագրի հետ:
Հիշեցնենք, որ ներկայումս Սալեհը գտնվում է Սաուդյան Արաբիայում, ուր տեղափոխվել էր հունիսի 3-ին նախագահական նստավայրի մոտ գտնվող մզկիթի ռմբակոծումից հետո: Սալեհը մինչ օրս բուժման կուրս է անցնում: