31/08/2011 10:53
Աշխարհի ամենաբարձր դրոշը` Տաջիկստանում
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում երեկ հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է երկրի պետական դրոշը կրող դրոշակասյունը, որն արձանագրվել է Գինեսի ռեկորդների ներկայացուցիչ Դևիդ Չեմբերսի կողմից` որպես ամենաբարձրը աշխարհում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»- ն:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ով նշել է, թե դրոշի բարձրացումը խորհրդանշական իմաստ ունի Տաջիկստանի անկախության 20–ամյակի նախաշեմին: Նախագահի խոսքերով, այն խորհրդանշելու է ազգային միաբանությունն ու համերաշխությունը:
Ազգային պալատի մոտ տեղադրված դրոշակասյան բարձրությունը 165 մետր է, դրոշի երկարությունը 60 մետր, լայնությունը` 30 մետր:
Դրոշի բարձրացման արարողությանը հաջորդել է հրավառություն, այնուհետև մեծ համերգ, որին տեղաբնակներից բացի, ներկա են գտնվել հազարավոր հյուրեր, այդ թվում դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայցուցիչներ և զբոսաշրջիկներ:
Նշենք, որ մինչ այս, աշխարհում ամենաբարձր դրոշը համարվում էր Բաքվում տեղադրված դրոշակասյունը: Այժմ այն երեք մետրով զիջում է Տաջիկստանի դրոշակասյանը:
Ադրբեջանի դրոշն, ի դեպ, ուժգին քամիների պատճառով մի քանի անգամ պատառոտվել ու իջեցվել էր: