31/08/2011 14:11
«Արտառոց որևէ բան չկա, 7 ամսում ունենք ընդամենը 150 զոհ»
2011թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 1135 ՃՏ պատահար, որոնց հետևանքով զոհվել են 150 և մարմնական վնասվածքներ ստացել 1697 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանական աճել է 143-ով, զոհերի թիվը 14-ով, իսկ վիրավորների թիվը` 357-ով: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա մեկնաբանմամբ` ՃՈ պատահաների թվի ավելացման պատճառը ոչ միայն ԱՊՊԱ համակարգի ներդրումն է, որը որոշակի չափով նպաստում է բոլոր պատահարների գրանցմանն ու արհեստականորեն աճ է գրանցվում, այլև ՀՀ ներմուծվող տրանսոպորտային միջոցների քանակի ինտենսիվ աճը:
«Միայն 2011թ.-ին 7 ամսում Հայաստան է ներմուծվել 15 հազար 248 տրանսպորտային միջոց: Եթե վերցնենք 2010-ի թիվն ու 2011-ի թիվը միասին, մոտ 35 հազար տրանսպորտային միջոց աճել է նախորդ ու այս տարվա 7 ամիսների ընթացքում: Եթե հաշվի առնենք Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների քանակը և այս ժամանակաշրջանի աճը, կտեսնենք, որ մոտ 15 տոկոս տրանսպորտային միջոցների աջ է գրանցվել` այն էլ արագընթաց, եվրոպական մոդիֆիկացված տեսակների»,- բացատրեց Ն.Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՃՏ պատահարների արդյունքում զոհերի թվին, ոստիկանության գնդապետն արձագանքեց. «Արտառոց որևէ բան չկա, 7 ամսում ունենք ընդամենը 150 զոհ: Նախորդ տարիների ընթացքում եղել է, որ տարին ամփոփել ենք 400,370 զոհով: Այսինքն զոհերի թվի աճով մտահոգիչ բան չունենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ տարին ամփոփենք ստաբիլ վիճակով`զոհերի թվի իմաստով»: