01/09/2011 13:48
Ֆրանսիայի նախագահը խոսել է Իրանի դեմ կանխարգելիչ հարձակման մասին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, խոսելով Իրանի միջուկային ծրագրերի և հեռահար հրթիռների արտադրության մասին, նշել է, որ այդ ամենը կարող է հանգեցնել որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ կանխարգելիչ բնույթի հարձակման:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր երկիրը կարող է հարձակվել Իրանի վրա:
Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Փարիզը մյուս դաշնակից երկրների հետ միասին Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ավելի կուժեղացնի, մինչև Իրանի Իսլամական Հանրապետությունը ստիպված լինի կասեցնել միջուկային ծրագրերը:
Հիշեցնենք, որ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ` Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը վերջերս համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանի տարածքից Իսրայելը կարող է նախազգուշական հարված հասցնել Իրանի միջուկային հաստատություններին: