05/09/2011 10:29
Բենի-Վալիդում տապալվել են Քադաֆիի ուժերի հետ բանակցությունները
Լիբիական անցումային կառավարության ուժերը, որոնք շրջապատել են Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքներից մեկը` Բենի-Վալիդը, հայտարարել են, որ խաղաղ ճանապարհով այդ քաղաքի հանձնման շուրջ բանակցությունները տապալվել են:
Մինչ այդ, Քադաֆիի հակառակորդները հայտարարել էին, որ պատրաստ են վերցնել Բենի-Վալիդը առանց մարտի, սակայն բանակցությունների տապալումից հետո մտադիր են գործի անցնել զինվորականները:
Նշենք, որ Ազգային անցումային խորհրդի զորքերը շրջապատել են անապատում գտնվող Բենի-Վալիդ քաղաքը հյուսիսից, արևմուտքից և արևելքից:
Բացի այդ, Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հաստատել են, որ Տրիպոլիի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է Քադաֆիի որդի Համիսը, որը թաղվել է Բենի-Վալիդից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ Բենգազիում Ազգային անցումային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են Քադաֆիի զորքերի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ նախկին իշխանությունները փոխզիջման բարի կամք չեն ցուցաբերում:
Քադաֆիի ուժերի վերահսկողության տակ են մնում Սիրտ, Ջուֆրա և Սաբհա քաղաքները: