05/09/2011 12:27
Դ.Ստրոսս-Կանը վերադարձել է Ֆրանսիա
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանն իր տիկնոջ հետ Նյու-Յորքից ժամանել է Փարիզ:
Նշենք, որ ֆրանսիացիների արձագանքը Ստրոսս-Կանի վերադարձի հետ կապված տարբեր է, նրա հասցեին հնչել են և անվայել արտահայտություններ, սակայն ֆրանսիական Սարսել փոքրիկ քաղաքում, որտեղ Դ. Ստրոսս-Կանը եղել է քաղաքապետ, հնչել են այն կարծիքները, որ նա պետք է ամեն ինչ սկսի նոր էջից, և նշվում է, որ այդպես են մտածում ոչ միայն Սարսելում: Ամբողջ Ֆրանսիայում շատերը պատրաստ են մոռանալ այն, ինչ եղել է:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի նկատմամբ հարուցվել էր գործ, որով նա մեղադրվում էր Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ:
Ոստիկանությունը պարզել էր, որ ծննունդով Գվինեայից 32-ամյա սպասուհին, մինչև բռնաբարության փորձի մասին դիմումի ներկայացումը, հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ տղամարդու հետ, որոնք քննարկել են թե ինչ օգուտներ կարելի է քաղել Դ. Ստրոսս-Կանի նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելով:
Սպասուհու զրուցակիցը ԱՄՆ-ի բնակիչ էր, որը մինչ այդ ձերբակալվել էր ոստիկանության կողմից թմրանյութեր պահելու համար և ոստիկանությունը պարզել է, որ նա երկու տարվա ընթացքում մի քանի անգամ խոշոր գումարներ է փոխանցել «աղքատ» սպասուհուն, որի ընդհանուր գումարը կազմում է 100.000 դոլար:
Սուտը բացահայտվել է նույնիսկ մանրուքներում, այսպես, սպասուհին պնդում էր, որ ունի ընդամենը մեկ բջջային համար, սական քննիչները բացահայտել են, որ նա ամեն ամիս ծախսում էր հարյուրավոր դոլարներ միանգամից մի քանի համարների սպասարկման համար, ինչը նա չկարողացավ բացատրել:
Հետաքրքիր տեղեկություններ բացահայտվեցին նաև այն ժամանակ, երբ քննիչները սկսեցին ուսումնասիրել նրա կենսագրությունը, երբ նա հարցաքննությունների ժամանակ ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար հայտարարել էր նախկինում մի քանի անգամ բռնաբարված լինելու մասին, սակայն իր կողմից լրացված փաստաթղթերում այդ մասին ոչինչ նշված չէր:
Քննությունը պարզել է, որ իրականում սպասուհու և Դ. Սթրոսս-Կանի միջև սեռական կապ եղել է, սակայն չկա ոչ մի ապացույց, որ խոսքը բռնաբարության մասին է: