05/09/2011 11:55
Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչն Ադրբեջանում է
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը ժամանել է Ադրբեջան: Այս մասին է հաղորդում «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բաքու այցելության ժամանակ Ֆիլիպ Լեֆորը օդանավակայանում լրագրողներին հայտարարել է, որ նրա այցը վկայում է այն մասին, որ տարածաշրջանը կարևորություն է ներկայացնում ԵՄ-ի համար:
«ԵՄ-ն դեռ շատ բան պետք է անի տարածաշրջանում: Հարավային Կովկասը ԵՄ համար հետաքրքրություն է ներկայացնում: Այդ իսկ պատճառով, իմ նշանակումից հետո, ես ցանկացա այցելել տարածաշրջանի երեք երկրների մայրաքաղաքները»,- ասել է Ֆ. Լեֆորը:
Տեղեկությունների համաձայն, Բաքվում նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի հետ, որից հետո շարունակելու է իր այցը Թբիլիսի և Երևան:
ԵՄ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվելու են նաև տարածաշրջանում առկա խնդիրները: Նշենք նաև, նշանակումից հետո, սա Ֆ. Լեֆորի առաջին այցն է տարածաշրջան:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆիլիպ Լեֆորը Հայաստան կժամանի սեպտեմբերի 7-ին:
Այցելության ընթացքում դեսպան Լեֆորը կհանդիպի Հայաստանի նախագահին, արտաքին գործերի նախարարին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, ԱԺ նախագահին և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին:
Ֆիլիպ Լեֆորը 20-ամյա փորձառությամբ ֆրանսիացի դիվանագետ է, ով երկար տարիներ զբաղվել է Հարավային Կովկասի և Ռուսաստանի հարցերով, եղել է Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում (2004-2007), ինչպես նաև Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալը (2007-2010):
2010 թ-ից Լեֆորը աշխատել է Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունում Մայրցամաքային Եվրոպայի Գլխավոր Տնօրինության ղեկավարի պաշտոնում: 2011 թվականի Սեպտեմբերի 1-ից Լեֆորը ստանձնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը: