05/09/2011 10:16
Փարիզում սկսվում է Ժակ Շիրակի դատավարությունը
Փարիզում սկսվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի նկատմամբ դատավարությունը, ով մեղադրվում է քաղաքապետ լինելու տարիներին իր կուսակցության անօրինական ֆինանսավորման մեջ:
Սակայն դատավարությունը կարող է հետաձգվել, քանի որ բժիշկները 78-ամյա Շիրակի մոտ հայտնաբերել են հիշողության կորուստ:
Իսկ ինքը` Ժ. Շիրակը, որը հերքում է մեղադրանքները, խնդրել է դատարանին, որպեսզի դատարանում իր շահերը ներկայացնեն իր փաստաբանները:
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ֆրանսիական առաջնորդը կկանգնի դատարանի առջև:
1945թ.-ին պետական դավաճանության համար դատապարտվել էր Անրի Ֆիլիպ Պետենը` Վիշիի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Ժ. Շիրակը, որը 1977թ.-ից մինչև 1995թ.-ը զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը, մեղադրվում էր 2 հանցագործությունների համար, որոնք կապված են իր «Միավորում հանուն հանրապետության» կուսակցության անդամներին աշխատավարձերի տրամադրման հետ, այն պաշտոնների համար, որոնք գոյություն չեն ունեցել, իսկ եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նախկին նախագահին սպառնում է 10 տարի ազատազրկում և տուգանք 150.000 եվրոյի չափով: Այդ մասին հաղորդում է BBC-ին::