06/09/2011 12:53
Սոմալիում առաջիկա 4 ամիսներին կարող է 750.000 մարդ մահանալ սովից
Միացյալ Ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Սոմալիում շարունակվող երաշտի պատճառով մոտակա չորս ամիսների ընթացքում կարող է մահանալ 750 հազար մարդ: Ինչպես գրում է «Գազետա.ռու» -ն, աֆրիկյան մի շարք երկրներում, այդ թվում Սոմալիում, Քենիայում. Ուգանդայում, Եթովպիայում շարունակվում է վերջին 60 տարիների մեջ արձանագրված ամենաերկարատև երաշտը:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի տեխնիկական գծով ավագ խորհրդական Գրեին Մոլոնեյը, Սոմալիի ևս մեկ նահանգում` թվով վեցերորդում, սովի գոտի է հայտարարվել; Նահագում մոտ 12 միլիոն մարդ սննդամթերքի կարիք է զգում, մինչդեռ երկրի հարավային նահանգներում շարունակվող ցեղախմբերի միջև պատերազմների, ինչպես նաև իսլամիստների արգելքների պատճառով մարդասիրական օգնության տարածումը դժվարությամբ է իրականացվում:
«Ընդհանուր առամամբ, 4 միլիոն մարդ Սոմալիում գտնվում է ծայրահեղ իրավիճակում, համապատասխան արձագանքի բացակայության պարագայում 750 հազարը կարող է մահանալ մոտակա 4 ամիսների ընթացքում», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան: