07/09/2011 10:48
Արաբական պետությունների լիգայի ղեկավարը հետաձգել է այցը Սիրիա
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ ալ Արաբը հետաձգել է Սիրիա իր այցելությունը։ Սիրիայի իշխանությունները խնդրել են ալ Արաբին ավելի ուշ այցելել Սիրիա՝ «անկանխատեսելի» հանգամանքների պատճառով։
Արաբական պետությունների ղեկավարը մտադրություն ուներ մեկ անգամ ևս կոչ անել Դամասկոսին դադարեցնել բռնություններն ընդդեմ հակակառավարական ելույթների մասնակիցների։
Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը երեկ հայտարարել է, որ չնայած այդ երկրում ընդհարումների ընթացքում զոհվել են նաև անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուամենայնիվ արյունահեղությունների պատասխանատվությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա է մնում։
ՄԱԿի- ի գնահատումներով՝ մարտ ամսից մինչ օրս Սիրիայում ավելի քան 2200 մարդ է զոհվել։
Մինչ այժմ՝ միջազգային կազմակերպությունների կողմից արյունահեղության դադարեցման մասին պահանջներն արդյունք չեն տվել։