07/09/2011 12:01
«Armenia EXPO 2011»-ը կանցկացվի սեպտեմբերի 9-11-ը
2011թ. սեպտեմբերի 9-ից 11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Armenia EXPO 2011» տասնմեկերորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:
«Armenia EXPO 2011»-ն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններին և արտացոլում է մեր երկրի այս տարիների ընթացքում ձեռք բերած տնտեսական նվաճումները:
Ինչպես նշված է «Logos Expo Center»-ի լրատվական ծառայության մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունենալով ներկայացնել 20-ամյա անկախության տնտեսական ձեռքբերումների արդյունքները, այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները շեշտը դրել են տեղական արտադրողների նվաճումների ցուցադրության վրա:
Պաշտոնապես ներկայացված է նաև Արցախի միացյալ տաղավարը, որը կծանոթացնի 20-ամյա անկախ Արցախի տնտեսական նվաճումներին:
Յուրաքանչյուր ցուցահանդես համարվում է տվյալ երկրի տնտեսության հայելին, «Armenia EXPO 2011»-ը, լինելով Հայաստանում կազմակերպվող կարևորագույն և խոշորագույն ցուցահանդեսը, իրականում արտացոլում է պետության տնտեսական աճը և նվաճումները:
Այն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:
Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս:
Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ, ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում:
Ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի ՀՀ Կառավարության աջակցությամբ: