07/09/2011 11:04
Բուրկինա Ֆասոն հերքում է Քադաֆին ապաստան տրամադրելու լուրերը
Աֆրիկյան Բուրկինա Ֆասո հանրապետության կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Տրիպոլիից վտարված գնդապետ Մուամար Քադաֆիից ապաստան ստանալու խնդրանք չեն ստացել: Այս մասին հաղոդրում է «ԲիԲիՍի »-ն:
«Քադաֆին Բուրկինա Ֆասոյում չէ, և մենք վերջինիս ապաստան տրամադրելու խնդրանք չենք ստացել: Քադաֆիի գտնվելու վայրի վերաբերյալ մենք տեղեկություններ չունենք և նրան չենք սպասում», - հայտարարել է աֆրիկյան երկրի հաղորդակցության նախարար Ալեն Էդուարդ Տրաորեն:
Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե լիբիական 200-ից 250 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը Ալժիրի տարածքով մեկնել է Նիգեր, որտեղից էլ պատրաստվել է ուղևորվել Բուրկինա Ֆասո:
Ֆրանսիացի զինվորականների հաղորդմամբ, գնդապետ Քադաֆին և նրա ավագ որդին` Ալ-Իսլամը, նույնպես դիտարկել են շարասյանը միանալու հնարավորությունը: Հաղորդվում էր, թե աֆրիկյան այդ երկիրը խոստացել էր ապաստան տրամադրել Քադաֆիին և վերջինիս ընտանիքի անդամներին: